Մեծ մտասեւեռումը, որը հետապնդել է տասնիններորդ դարին, ինչպես հայտնի է, զարգացման ու դադարի պատմությունն էր, ճգնաժամի եւ շրջափուլի, անցյալի կուտակման թեմաներն էին, մահացածների գերբեռնումը, աշխարհին սպառնացող սառեցումը: Թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի մեջ է, որ տասնիններորդ դարը գտել է իր դիցաբանական ռեսուրսների էական մասը: Ներկա դարաշրջանը կարող է ավելի շուտ լինել տարածության դարաշրջանը։ Մենք գտնվում ենք համաժամանակյայի դարաշրջանում, մենք գտնվում ենք զուգադրումի դարաշրջանում, մոտիկի եւ հեռուի դարաշրջանում, կողք - կողքիի, եւ սփռվածի: Մենք գտնվում ենք այն պահի մեջ, երբ աշխարհը, կարող ենք ասել, ապրվում է ոչ այնքան որպես ժամանակի ընթացքում զարգացող մեծ կյանք, որքան իբրեւ ցանց, որը վերամիավորում է կետերը, եւ որը կծկում է իր կծիկը։ Կարելի է թերեւս ասել, որ գաղափարաբանական հակամարտություններից մի քանիսը, որոնք աշխուժացնում են այսօրվա բանավեճերը, ծավալվում են, մի կողմից ժամանակի բարեպաշտ ժառանգների եւ, մյուս կողմից, տարածության մոլեռանդ բնակիչների միջեւ: Ստրուկտուրալիզմը, կամ գոնե այն, ինչը խմբավորում ենք այս մի փոքր ընդհանուր անվան ներքո, ճիգն է՝ հաստատելու ժամանակի մեջ բաշխվող տարրերի միջեւ հարաբերությունների այնպիսի ամբողջություն, որը դրանց ի հայտ է բերում զուգադրված, հակադրված, ներգրավված՝ մեկը մյուսի կողմից, կարճ ասած, որը դրանց ի հայտ է բերում որպես ինչ-որ տեսակի մի ուրվապատկեր, եւ ճիշտն ասած, խոսքն այսպիսով ամենեւին էլ ժամանակը ժխտելու մասին չէ, սա մի որոշակի վարվելաձեւ է այն բանի հետ, ինչը կոչում ենք ժամանակ, եւ, ինչը կոչում ենք պատմություն։

Նշենք, սակայն, տարածությունը, որն այժմ հայտնվում է մեր մտահոգությունների, մեր տեսության, մեր համակարգերի հորիզոնում, նորամուծություն չէ. տարածությունն ինքին, արեւմտյան փորձառության մեջ ունի իր պատմությունը, եւ հնարավոր չէ անտեսել ժամանակի ճակատագրական այս միահյուսումը տարածության հետ. Կարելի է ասել, շատ պարզունակ վերագծելու համար տարածության պատմությունը, որ Միջնադարում եղել է վայրերի (lieu) աստիճանակարգված ամբողջություն: Սրբազան վայրեր եւ պիղծ վայրեր, պահպանվող վայրեր եւ, հակառակը, բաց եւ անպաշտպան վայրեր, քաղաքային վայրեր եւ գյուղական վայրեր (իսկը մարդկանց իրական կյանքի համար), տիեզերաբանական տեսության համար կային վերերկնային վայրեր՝ հակադրված երկնային վայրերին, եւ երկնային վայրեր՝ իրենց հերթին հակադրված երկրային վայրերին. կային վայրեր, որտեղ իրերը դրված էին լոկ այն պատճառով, որ վայրենաբար տեղահանվել էին (déplacé), եւ հակառակը՝ վայրեր, որտեղ իրերը գտնում էին իրենց բնական տեղակայումը (emplacement) եւ հանգիստը։ Վայրերի այս ողջ աստիճանակարգը, այս հակադրությունը, այս միահյուսումն է, որ կազմավորում էր այն, ինչը, շատ պարզունակորեն, կարող էինք կոչել միջնադարյան տարածություն՝ տեղայնացման տարածություն (espace de localisation):

Տեղայնացման այդ տարածությունը բացվեց Գալիլեով, քանի որ Գալիլեի գործի իսկական սկանդալը վերաբերում էր ոչ այնքան արեւի շուրջ Երկրի պտտվելու նրա հայտնագործությանը, եթե չասենք վերահայտնագործությանը, որքան անսահման մի տարածություն հաստատելուն, եւ անսահմանորեն բաց տարածություն՝ այնպես, որ միջնադարի վայրը հայտնվեց ինչ-որ առումով լուծարման մեջ, իրի վայրը այլեւս այլ բան չէր, քան մի կետ իր շարժման մեջ, ճիշտ այնպես, ինչպես իրի հանգիստն այլ բան չէր, քան անվերջորեն դանդաղեցված իր շարժումը։ Այլ կերպ ասած, սկսած Գալիլեից, 17-րդ դարից ի վեր փռվածքը (étendue) գալիս է փոխարինելու տեղայնացմանը։

Այսօր, տեղակայումը գալիս է փոխարինելու փռվածքին, որն ինքնին փոխարինել էր տեղայնացմանը: Տեղակայումը որոշարկվում է կետերի եւ տարրերի միջեւ հարեւանության հարաբերություններից; ձեւականորեն, դրանք կարելի է նկարագրել որպես շարքեր, ծառեր, վանդակներ. Մյուս կողմից, մենք գիտենք, թե տեղակայումի խնդիրները որչափ կարեւոր են ժամանակակից տեխնիկայում: Տեղեկատվության կամ հաշվարկի միջանկյալ արդյունքների պահեստավորումը մեքենայի հիշողության մեջ, դիսկրետ տարրերի (ճիշտ այնպես, ինչպես ավտոմեքենաներինը, կամ ի վերջո, ինչպես բոլոր հնչյուններինը՝ մեկ հեռախոսագծի վրա) շրջանառությունը պատահական ելքով, մեկ ամբողջության ներսում նշված կամ կոդավորված տարրերի նույնականացումը, որը կա՛մ դիպվածորեն է արվում, կա՛մ դասակարգվում է միանշանակ դասավորության մեջ, կա՛մ դասակարգվում՝ ըստ բազմանշանակ դասակարգման եւ այլն։ Ավելի կոնկրետ ձեւով տեղի կամ տեղակայումի խնդիրը մարդկանց համար դրվում է Ժողովրդագրության առումով եւ մարդու տեղակայումի այս վերջին խնդիրը չի հանգում լոկ իմանալուն, թե աշխարհում կլինի՞ արդյոք բավարար չափով տեղ մարդու համար - խնդիր, որն, ի վերջո, ինքնին շատ կարեւոր է - ոչ պակաս կարեւոր խնդիր է նաեւ իմանալը, թե մարդկային տարրերի հարեւանության ինչպիսի՞ հարաբերություններ, պահեստավորման, շրջանառության, նույնականացման դասակարգումի ի՞նչ տիպեր պետք է պահվեն նախապատվորեն այս կամ այն իրավիճակում՝ հասնելու համար այս կամ այն նպատակին։ Մենք գտնվում ենք մի դարաշրջանում, երբ տարածությունը մեզ տրվում է տեղակայումների հարաբերությունների ձեւի ներքո։

Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այսօրվա մտահոգությունը, առավելապես վերաբերում է տարածությանը, քան ժամանակին. ժամանակը, հավանաբար, հայտնվում է ոչ այլ կերպ, քան իբրեւ բաշխման հնարավոր խաղերից մեկը տարրերի միջեւ, որոնք ցրված են տարածության մեջ: Սակայն, ի հեճուկս բոլոր տեխնիկաների, որոնք ներդրվում են, եւ ի հեճուկս գիտելիքի ողջ ցանցի, որը թույլ է տալիս որոշել կամ ֆորմալացնել, ժամանակակից տարածությունը թերեւս դեռ լիովին ապասրբացված չէ, ի տարբերություն ժամանակի, որն ինքնին ապասրբացվել էր տասնիններորդ դարում: Անշուշտ տեղի է ունեցել տարածության որոշ տեսական ապասրբացում (այն, որի ազդանշանը տվեց Գալիլեյի հայտնագործությունը), բայց մենք դեռ չենք կարողացել հասնել տարածության գործնական ապասրբացմանը: Ու թերեւս մեր կյանքը դեռեւս մնում է վերահսկված մի շարք ընդդիմությունների կողմից, որոնց չենք կարող ձեռք տալ, որոնց դեռ չեն համարձակվել դիպչել հաստատությունը եւ փորձը. ընդդիմություններ, որոնք մենք ընդունում ենք իբրեւ տվյալներ: Օրինակ՝ ընդդիմությունը մասնավոր տարածության եւ հանրային տարածության միջեւ, ընտանեկան տարածության եւ սոցիալական տարածության միջեւ, մշակութային տարածության եւ օգտակար տարածության միջեւ, ժամանցի տարածության եւ աշխատանքի տարածության միջեւ. այս ամենը դեռեւս ոգեշնչված է խուլ սրբացմամբ։

Բաշլարի ընդարձակ ստեղծագործությունը, ֆենոմենոլոգների նկարագրությունները մեզ սովորեցրել են, որ մենք չենք ապրում միատարր եւ դատարկ տարածության մեջ, այլ, ընդհակառակը, մի տարածության, որն ամբողջովին բեռնված է որակներով, մի տարածության, որը գուցե նաեւ հալածված է ֆանտազմներով. մեր նախնական ընկալման տարածությունը, մեր երազանքների, մեր զգացմունքների, մեր կրքերի տարածությունները պարունակում են հատկանիշներ, որոնք իրենց են ներհատուկ. դա թեթեւ, եթերային, թափանցիկ տարածություն է, կամ մութ, քարքարոտ, խճողված տարածություն. դա վերեւի տարածություն է, գագաթների, կամ ընդհակառակը՝ ներքեւի, ցեխի տարածություն, դա մի տարածություն է, որը կարող է լինել ինչպես հոսող ջուրը, դա մի տարածություն է, որը կարող է լինել ամրացած, կարծրացած ինչպես քարը, կամ ինչպես բյուրեղը։

Բայց այս վերլուծությունները, թեպետեւ հիմնարար են ժամանակակից անդրադարձի համար, վերաբերում են հատկապես ներսի տարածությանը: Դրսի տարածության մասին է, որ ուզում եմ խոսել հիմա : Տարածությունը, որի մեջ ապրում ենք, ինչը որ մեզ դուրս է քաշում ինքներս մեզնից, ինչում ծավալվում է մեր կյանքի, մեր ժամանակի, մեր պատմության քայքայումը, այդ տարածությունը, որը կրծում է մեզ եւ քչփորում, ինքնին նույնպես տարասեռ տարածություն է։ Այլ կերպ ասած, մենք չենք ապրում դատարկության մեջ, ինչի ներսում կկարողանաինք զետեղել (situer) անհատներ եւ իրեր: Մենք չենք ապրում դատարկության մեջ, որն ինքն իրեն կգունավորեր այլազան փողփողումներով, մենք ապրում ենք այն հարաբերությունների ամբողջության ներսում, որոնք սահմանում են մեկը մյուսին անվերածելի եւ բացարձակապես անմակադրելի տեղակայումներ:

Իհարկե, կարող ենք, անկասկած, ձեռնարկել զանազան այդ տեղակայումների նկարագրությունը` ձգտելով պարզել, թե որն է հարաբերությունների համույթը, որով կարող ենք սահմանել այս տեղակայումը: Օրինակ, նկարագրել այն հարաբերությունների համույթը, որոնք սահմանում են անցման տեղակայումները՝ փողոցները, գնացքները (դիցուկ գնացքը հարաբերությունների արտակարգ խուրձ է, քանի որ այն մի բան է, որի միջոցով կարելի է անցնել, մի բան, որով կարելի է անցնել մի կետից մյուսը, նաեւ մի բան է, որն անցնում է): Իրենց սահմանել թույլ տվող հարաբերությունների խուրձի միջոցով կարելի է նկարագրել ժամանակավոր կայանի այնպիսի տեղակայումներ, ինչպիսիք են սրճարանները, կինոթատրոնները, լողափերը: Հարաբերությունների ցանցի միջոցով կարող ենք նաեւ սահմանել հանգստի՝ փակ կամ կիսափակ այնպիսի տեղակայումներ, ինչպիսիք են տունը, սենյակը, մահճակալը, եւ այլն: Բայց բոլոր այս տեղակայումների մեջ ինձ հետաքրքրողը այն որոշներն են, որոնք ունեն անսովոր հատկություն. լինել կապված բոլոր այլ տեղակայումների հետ, բայց այնպիսի ձեւով, որ սրանք առկախեն, չեզոքացնեն կամ շրջադարձեն հարաբերությունների համույթը, որոնք իրենք իսկ նշանակում, արտացոլում, անդրադարձում են: Այդ տարածությունները, որոնք, ինչ-որ կերպ, կապի մեջ են գտնվում բոլոր մյուսների հետ, բայց որոնք, այդուհանդերձ, հակասում են մյուս բոլոր տեղակայումներին, լինում են երկու հիմնական տեսակի:

ՀԵՏԵՐՈՏՈՊԻԱՆԵՐ

Դրանք նախեւառաջ ուտոպիաներն են: Ուտոպիաները տեղակայումներն են՝ առանց իրական վայրի։ Սրանք այն տեղակայումներն են, որոնք հասարակության իրական տարածության հետ պահպանում են ընդհանուր կապ` ուղղակի կամ շրջված զուգադրությամբ: Դա կա՛մ կատարելագործված հասարակությունն է ինքնին, կա՛մ հասարակության շրջոնքը, բայց, ամեն դեպքում, այդ ուտոպիաները տարածություններ են, որոնք հիմնովին, էականորեն անիրական են:

Կան նաեւ, եւ հավանաբար յուրաքանչյուր մշակույթում, յուրաքանչյուր քաղաքակրթության մեջ, իրական վայրեր, էֆֆեկտիվ վայրեր, վայրեր, որոնք՝ լինելով մի տեսակ ինքնին հակա-տեղակայումներ, հասարակության հիմնարկեքի մեջ իսկ գծագրում են մի տեսակ իրականացված ուտոպիաներ, որոնցում իրական տեղակայումները, մնացած բոլոր իրական տեղակայումները, որոնք կարելի է գտնել որեւէ մշակույթի ներսում, վերաներկայացված են, վիճարկված ու շրջված՝ միաժամանակ, մի տեսակի վայրեր, որոնք բոլոր այլ վայրերից դուրս են, թեպետ եւ դրանք իրականում կարելի է տեղայնացնել: Այս վայրերը, քանի որ սրանք բացարձակապես այլ են բոլոր տեղակայումներից, որոնց արտացոլում եւ որոնց մասին խոսում են, հակառակ ուտոպիաների, կանվանեի հետերոտոպիաներ: Եվ կարծում եմ, որ ուտոպիաների ու բոլորովին այլ այդ տեղակայումների՝ հետերոտոպիաների միջեւ պետք է, հավանաբար, ընկած լինի մի տեսակ խառը, համատեղ փորձ, որը գալիս է հայելուց: Հայելին, ի վերջո, ուտոպիա է, քանի որ դա մի տեղ է՝ առանց տեղի: Հայելու մեջ ինքս ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ որ՝ չկամ, անիրական տարածության մեջ, որը փաստացիորեն բացվում է մակերեւույթի ետեւում, ես այնտեղ եմ, որտեղ որ չկամ, մի տեսակ ստվեր, որն ինձ ընձեռում է իմ սեփական տեսանելիությունը, որը թույլ է տալիս տեսնել ինձ, այնտեղ որտեղ որ ես բացակա եմ՝ հայելու ուտոպիան: Բայց դա նաեւ հետերոտոպիա է այնքանով, որքանով հայելին գոյություն ունի իրապես, եւ որը դրսեւորում է մի տեսակ հետադարձ էֆֆեկտ այն տեղի նկատմամբ, որը զբաղեցնում եմ, հայելու միջոցով է, որ ինքս ինձ բացահայտում եմ բացակա այն տեղում, որտեղ գտնվում եմ, քանի որ ինձ տեսնում եմ այդտեղ։ Սկսելով այս հայացքից, որն ինչ-որ առումով բերվում է ինձ վրա, ապակու մյուս կողմում գտնվող այդ փաստական տարածության խորքից, ես վերադառնում եմ դեպի ինձ եւ վերսկսում աչքերս բերել ինձ վրա ու վերակազմել ինձ այն տեղում, որտեղ որ գտնվում եմ: Հայելին գործում է ինչպես մի հետերոտոպիա այն իմաստով, որ բացարձակապես իրական է դարձնում իմ զբաղեցրած վայրն իրեն շրջապատող ողջ տարածության հետ կապակցության մեջ՝ ճիշտ այն պահին, երբ ինքս ինձ նայում եմ հայելու մեջ, եւ միաժամանակ իմ զբաղեցրած նույն այդ վայրը դարձնում է բացարձակապես անիրական, քանի որ այդ տեղը, որպեսզի տեսնվի, ստիպված է անցկացված լինել վիրտուալ այդ կետով, որը գտնվում է այնտեղ։

Ինչ վերաբերում է բուն հետերոտոպիաներին. ինչպե՞ս կարող ենք դրանք նկարագրել, ի՞նչ իմաստ ունեն դրանք: Կարելի կլիներ ենթադրել, չեմ ուզում ասել գիտություն, քանի որ այդ բառը չափազանց մրոտված է հիմա, այլ ինչ-որ համակարգված նկարագրություն, որն իբրեւ իր ուսումնասիրության, վերլուծության, նկարագրության, "ընթերցման", ինչպես սիրում ենք հիմա ասել, առարկա ունենար տվյալ հասարակության մեջ այդ տարբեր տարածքների, այդ այլ վայրերի, մի յուրատեսակ վիճարկումը, միաժամանակ դիցաբանական եւ իրական, այն տարածության, որտեղ ապրում ենք. այս նկարագրությունը կարելի է կլիներ անվանել հետերոտոպոլոգիա:

Առաջին սկզբունքն այն է, որ չկա, հավանաբար, աշխարհում ոչ մի մշակույթ, որը չկազմավորի հետերոտոպիաներ: Սա հաստատուն է մարդկային յուրաքանչյուր խմբի համար: Սակայն հետերոտոպիաները, ակներեւաբար, ընդունում են ձեւեր, որոնք շատ տարբեր են, եւ հավանաբար չի կարելի գտնել հետերոտոպիա, որը լինի բացարձակապես համընդհանուր: Սակայն դրանք կարելի է դասակարգել երկու հիմնական տիպի: Այսպես կոչված, "պրիմիտիվ" հասարակություններում, կա հետերոտոպիաների որոշակի ձեւ, որը ես կանվանեի ճգնաժամի հետերոտոպիա, այսինքն՝ կան արտոնյալ, կամ սուրբ, կամ արգելված վայրեր՝ վերապահված այն անձանց համար, ովքեր՝ հասարակության նկատմամբ եւ մարդկային միջավայրում, որի ներսում ապրում են, գտնվում են ճգնաժամային դրության մեջ։ Դեռահասները, կանայք՝ իրենց ամսականների կամ հղիության ժամանակ, տարիքավորները եւ այլն։

Մեր հասարակության մեջ ճգնաժամի այդ հետերոտոպիաները չեն դադարում անհետանալ, թեպետ եւ դեռեւս կարելի է գտնել դրանց որոշ մնացորդները: Օրինակ, դպրոցը, տասնիններորդ դարի իր ձեւով, կամ զինվորական ծառայությունը՝ տղաների համար, իհարկե, խաղացել են նման դեր, սեռական հասունության առաջին դրսեւորումները պետք է տեղի ունենան "այլ" վայրում, քան ընտանիքն է: Աղջիկների համար, մինչեւ քսաներորդ դարի կեսերը, կար ավանդույթ, որ կոչվում էր "մեղրամիս" (հարսանեկան ճանապարհորդություն). դա տոհմական թեմա էր: Աղջկա կուսազրկումը "ոչ մի տեղ" չէր կարող տեղի ունենալ եւ, այս անգամ, գնացքը, հարսանեկան ճանապարհորդության հյուրանոցը այդ "ոչ մի տեղ" -ի վայրն էր, այդ հետերոտոպիան՝ առանց աշխարհագրական հենանիշների:

Սակայն ճգնաժամի այս հետերոտոպիաները անհետանում են այսօր եւ փոխարինվում, կարծում եմ, հետերոտոպիաներով, որոնք կարելի է անվանել շեղման հետերոտոպիաներ. այստեղ տեղավորվում են անձիք, ում վարքը շեղ է միջին կամ պարտադիր նորմի համեմատ։ Դրանք հանգստյան տներն են, հոգեբուժական կլինիկաները, ինչ խոսք նաեւ բանտերը, կարիք կլիներ անկասկած դրանց շարքին ավելացնել ծերանոցները, որոնք ինչ-որ առումով գտնվում են ճգնաժամի հետերոտոպիայի եւ շեղման հետերոտոպիայի սահմանին, քանի որ ծերությունը, ի վերջո, ճգնաժամ է, բայց հավասարապես նաեւ շեղում, քանի որ մեր հասարակության մեջ, որտեղ ժամանցը կանոն է, պարապությունը մի տեսակ շեղում է:

Երկրորդ սկզբունքը հետերոտոպիաների այս նկարագրության մեջ կայանում է նրանում, որ իր պատմության ընթացքում, հասարակությունը խիստ տարբեր ձեւով կարող է գործարկել մի հետերոտոպիա, որը գոյություն ունի, եւ որը չի դադարել գոյություն ունենալուց: Իսկապես հասարակության ներսում յուրաքանչյուր հետերոտոպիա ունի հստակ ու որոշակի գործառնություն եւ նույն հետերոտոպիան, կարող է ունենալ այս կամ մեկ այլ գործառնություն, համաձայն համաժամանակության այն մշակույթի, որի մեջ գտնվում է։

Ես կբերեմ գերեզմանատան զավեշտալի հետերոտոպիայի օրինակը։ Գերեզմանատունը անշուշտ, այլ վայր է` սովորական մշակութային տարածքների համեմատած, սա մի տարածք է, որը այդուհանդերձ կապված է քաղաքի կամ հասարակության կամ գյուղի բոլոր տեղակայումների ամբողջության հետ, քանի որ յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր ընտանիք գտնվում է գերեզմանատանը հարազատներ ունենալու դրության մեջ: Արեւմտյան մշակույթում գերեզմանատունը գործնականում միշտ առկա է եղել: Բայց այն ենթարկվել է կարեւոր փոփոխությունների: Մինչեւ տասնութերորդ դարի վերջը, գերեզմանատունը տեղավորված էր քաղաքի հենց սրտում, եկեղեցու կողքին: Այնտեղ գոյություն ուներ բոլոր հնարավոր շիրիմների մի ամբողջ հիերարխիա: Դուք ունեիք զանգվածային հուղարկավորումներ, որտեղ դիակները կորցնում էին անհատականության վերջին հետքերը, կային մի քանի առանձին գերեզմաններ եւ հետո կային գերեզմաններ եկեղեցու ներսում: Այս գերեզմաններն իրենց հերթին լինում էին երկու տեսակի. պարզապես սալեր՝ արձանագրությամբ, կամ արձաններով դամբարաններ: Եկեղեցու սրբազան տարածքում զետեղված այդ գերեզմանատունը, արդիական քաղաքակրթություններում ընդունել է բոլորովին այլ տեսք եւ, զավեշտալիորեն, հենց այն ժամանակ, երբ քաղաքակրթությունը, ինչպես կոպտորեն ասում են, դարձել է "աթեիստական", արեւմտյան մշակույթը սկիզբ է դնում, այսպես կոչված, մեռյալների պաշտամունքը:

Ըստ էության, միանգամայն բնական էր, որ այն ժամանակ, երբ հավատում էինք մարմնի հարությանը եւ հոգու անմահությանը, մահկանացու մասունքին չտրվեր առաջնային կարեւորություն: Հակառակը, միայն այն պահից, երբ այլեւս այդքան էլ վստահ չենք հոգի ունենալու կամ մարմնի հարություն առնելու հարցում, ավելի մեծ ուշադրություն ենք հատկացնում մահկանացու մասունքին, որն, ի վերջո, մեր գոյության միակ հետքն է աշխարհում եւ բառերի մեջ:

Ամեն դեպքում, տասնիններորդ դարից սկսած է, որ յուրաքանչյուր ոք ունի իր փոքր արկղի իրավունքը՝ իր անձնական փոքրիկ քայքայման համար, բայց մյուս կողմից, միայն տասնիններորդ դարից ի վեր է, որ մենք սկսել ենք գերեզմանները դնել քաղաքի արտաքին սահմանին: Մահվան այս անհատականացման, եւ գերեզմանատան բուրժուական յուրացման հետ հարաբերության մեջ՝ ծնվել է մտասեւեռումը, թե մահը "հիվանդություն" է: Մեռյալներն են, որ, ենթադրենք, ողջերին բերում են հիվանդություններ, մեռյալների ներկայությունը եւ մերձավորությունն է, որ, ճիշտ տների կողքը, ճիշտ եկեղեցու կողքը, փողոցի գրեթե կենտրոնում, այդ մերձավորությո՛ւնն է, որ ինքնին մահ է սփռում։ Գերեզմանների վարակից հիվանդության տարածման այդ մեծ թեման գոյատեւել է մինչեւ տասնութերորդ դարի վերջը, եւ միայն տասնիններորդ դարի ընթացքում է, որ մենք սկզբնավորել ենք գերեզմանների տեղաշարժը դեպի արվարձաններ: Գերեզմանանատները քաղաքի սուրբ եւ անմահ քամին չեն այլեւս, այլ "մյուս քաղաքը", որտեղ յուրաքանչյուր ընտանիք ունի իր սեւ կացարանը:

Երրորդ սկզբունքը: Հետերոտոպիան ի վիճակի է զուգադրել մեկ իրական վայրում մի քանի տարածքներ, մի քանի տեղակայումներ, որոնք ինքնին անհամատեղելի են: Այսպես է, որ թատրոնը բեմի ուղղանկյան վրա հերթափոխում է մի շարք վայրեր, որոնք օտար են իրար, այսպես է, որ կինոն խիստ տարօրինակ ուղղանկյուն սրահ է, որի խորքում, երկչափ պաստառի վրա մենք տեսնում ենք պրոեկտումը եռաչափ տարածության, բայց, հետերոտոպիաների ամենահին օրինակը, որը ստանում է հակասական տեղակայումների այս ձեւը, թերեւս պարտեզն է: Մենք չպետք է մոռանանք, որ Արեւելքում պարտեզը, արդեն հազարամյա այդ զարմանալի ստեղծագործությունը, ուներ շատ խորը եւ մակադրված նշանակություններ։ Պարսիկների ավանդական պարտեզը սրբազան տարածք էր, որն իր ուղղանկյան ներսում պետք է վերամիավորեր աշխարհի չորս ծագերը ներկայացնող չորս անկյունները՝ մյուսներից էլ ավելի սրբազան մի տարածքի հետ՝ որպիսին պորտն (ombilic) էր՝ աշխարհի պորտը՝ (nombril) իր մեջտեղում (այստեղ էր, որ գտնվում էին ջրավազանը եւ շատրվանը), եւ պարտեզի ողջ բուսականությունը պետք է բաշխված լիներ այս տարածքում, այս մի տեսակ միկրոտիեզերքում: Ինչ վերաբերում է գորգերին, դրանք կոչված են լինելու պարտեզների վերարտադրությունը: Պարտեզը գորգ է, որտեղ ամբողջ աշխարհը գալիս է իրագործելու իր խորհրդանշական կատարելությունը, իսկ գորգը մի տեսակ շարժուն պարտեզ է տարածության մեջ: Պարտեզը աշխարհի ամենափոքր մասնիկն է ու նաեւ աշխարհի ամբողջականությունը: Պարտեզը հնուց ի վեր, մի տեսակ ընդհանրացնող ուրախ հետերոտոպիա է (այստեղից էլ կենդանաբանական այգիները՝ մեր օրերի):

Չորրորդ սկզբունքը: Հետերոտոպիաներն առավել հաճախ կապված են ժամանակի բաժանումների հետ, այսինքն, դրանք բացվում են այն բանի վրա, ինչը, զուտ համաչափությունից ելնելով, կարող ենք կոչել հետերոքրոնիաներ. հետերոտոպիան սկսում է գործել ամբողջությամբ, երբ մարդիկ իրենց ավանդական ժամանակի նկատմամբ գտնվում են մի տեսակ բացարձակ խզման մեջ, այստեղից տեսնում ենք, որ գերեզմանատունը իսկապես բարձր հետերոտոպիականության վայր է, քանի որ այն սկսվում է այս տարօրինակ հետերոքրոնիայից՝ որպիսին է, անհատի համար, կյանքի կորուստը, եւ այդ կիսահավերժությունից, որտեղ գերեզմանատունը չի դադարում երբեք տարալուծվել եւ չքանալ:

Ընդհանրապես, այնպիսի հասարակության մեջ, ինչպիսին մերն է, ե՛ւ հետերոտոպիաները, ե՛ւ հետերոքրոնիաները կազմակերպվում ու կարգավորվում են համեմատաբար բարդ ձեւով: Կան նախեւառաջ հետերոտոպիաներ ժամանակի, որը կուտակվում է անվերջորեն, օրինակ, թանգարանները, գրադարանները. թանգարաններն ու գրադարանները հետերոտոպիաներ են, որոնցում ժամանակը չի դադարում դիզվել եւ թառել ինքն իր վերեւում, այն պարագայում, երբ տասնյոթերորդ դարում, նույնիսկ մինչեւ դարավերջը, թանգարանները եւ գրադարանները անհատական ընտրության արտահայտություն էին դեռեւս: Մյուս կողմից, գաղափարը՝ կուտակել ամեն ինչ, գաղափարը՝ կազմել մի տեսակ ընդհանուր արխիվ, այդ կամքը՝ պարփակել մեկ տեղում բոլոր ժամանակները, բոլոր ժամանակաշրջանները, բոլոր ձեւերը, բոլոր նախասիրությունները, այդ գաղափարը՝ կազմավորել բոլոր ժամանակների համար մի վայր, որ ինքնին դուրս լինի ժամանակից, անհասանելի՝ դրա ատամներին, նախագիծը՝ այսպես կազմակերպել ժամանակի, մի տեսակ անորոշ եւ անժամկետ կուտակումը մեկ վայրում, որը լինի անշարժ, ուրեմն այս ամենը պատկանում են մեր արդիությանը: Թանգարանը եւ գրադարանը հետերոտոպիաներ են, որոնք տասնիններորդ դարի արեւմտյան մշակույթի առանձնահատկությունն են։

Ժամանակի կուտակման հետ կապված հետերոտոպիաներին հանդիման, կան հետերոտոպիաներ, որոնք, հակառակը, ժամանակի հետ կապված են այն բանով, ինչը շատ չնչին է, անցողիկ, ավելի փխրուն, եւ դա՝ տոնակատարության ձեւի ներքո: Սրանք այլեւս ոչ թե հավերժական , այլ՝ ամբողջովին քրոնիկ հետերոտոպիաներ են: Այդպիսիք են տոնավաճառները, հրաշալի դատարկ տեղակայումները քաղաքների ծայրամասին, որոնք բնակեցվում են տարին մեկ կամ երկու անգամ, գույնզգույն առարկաների խցիկներով ու ցուցադրանքներով, ըմբիշներով, օձ-կանանցով, բախտագուշակներով: Բոլորովին վերջերս հորինվել են նոր քրոնիկ հետերոտոպիաներ՝ արձակուրդային գյուղեր, այդ պոլինեզյան գյուղերը, որոնք քաղաքների բնակիչներին առաջարկում են պարզունակ եւ հավերժական մերկության երեք կարճ շաբաթ, եւ դուք տեսնում եք, ընդ որում, թե հետերոտոպիաների այս երկու ձեւերի միջոցով միակցվում են տոնի եւ ժամանակի հավերժության հետերոտոպիաները, Ջերբայի հողի տնակները, ինչ-որ առումով, գրադարանների եւ թանգարանների ազգականներն են, քանզի, վերագտնելով պոլինեզյան կյանքը, վերացնում ենք ժամանակը, բայց դա նաեւ հենց այն ժամանակն է, որը վերագտնում ենք, դա նաեւ մարդկության ամբողջ պատմությունն է, որ բարձրանում է ետ՝ դեպի իր ակունքը, մի տեսակ անմիջական մեծ իմացության մեջ։

Հինգերորդ սկզբունքը: Հետերոտոպիաները միշտ ենթադրում են բացման եւ փակման համակարգեր, որոնք դրանց մեկուսացնում են եւ միաժամանակ՝ դարձնում թափանցելի: Ընդհանրապես, հետերոտոպիայի տարածք մուտք չեն գործում, ինչպես ալրաղաց: Կա՛մ հարկադրված եք գնում այնտեղ, ինչպես զորամաս կամ բանտ, կա՛մ պետք է ենթարկվեք ծեսերի եւ մաքրման: Դուք այնտեղ չեք կարող մուտք գործել առաց որոշակի թույլտվության, այլ միայն, երբ մեկ անգամ արդեն իրագործել եք մի քանի ժեստ: Կան նույնիսկ հետերոտոպիաներ, որոնք ամբողջովին նվիրված են մաքրման այդ գործողություններին. կիսա-կրոնական, կիսա-հիգիենիկ մաքրում, ինչպես լինում է մահմեդականների համամներում, կամ զուտ հիգիենիկ մաքրում, ինչպես սկանդինավյան սաունաներում:

Կան նաեւ ուրիշները, որոնք, թեեւ, մաքուր եւ պարզ բացվածքների տեսք ունեն, ընդհանուր առմամբ, թաքցնում են հետաքրքիր բացառություններ. բոլորն էլ կարող են մտնել այդ հետերոտոպիական տեղակայումները, բայց, դա ճիշտն ասած, այլ բան չէ քան պատրանք, եւ մեզ թվում է, թե մտնում ենք այնտեղ, այնինչ մեր մտնելու հանգամանքով իսկ մենք բացառում ենք մեզ: Ես նկատի ունեմ, օրինակ, նշանավոր սենյակը, որ գոյություն ուներ Բրազիլիայի եւ, ընդհանուր առմամբ, Հարավային Ամերիկայի մեծ ագարակներում: Դուռը՝ որպեսզի մտնեիր այնտեղ, չէր բացվում դեպի կենտրոնական սենյակը, որտեղ ընտանիքն էր ապրում, եւ բոլորը, ովքեր անցնում էին այդ սենյակի կողքով, յուրաքանչյուր ճամփորդ իրավունք ուներ հրել այն, մտնել սենյակ ու գիշերել այնտեղ: Սակայն սենյակները այնպիսին էին, որ նա, ով մտնում էր ներս՝ չէր հասնում այդ տան նույնիսկ բակը, բացարձակապես անցորդ մի հյուր էր նա. այդ մարդը, իրոք, հրավիրյալ չէր: Հետերոտոպիայի այս տեսակը, որն այժմ գրեթե անհետացել մեր քաղաքակրթություններից, թերեւս, կարելի է վերագտնել հանրահայտ ամերիկյան մոթելներում, որտեղ մտնում ես քո մեքենայով, քո սիրուհու հետ եւ որտեղ անօրինական սեռականությանը տրված է բացարձակ ապաստան եւ թաքցված է՝ միաժամանակ. պահված լինելով հանդերձ հեռու՝ այն չի թողնված բաց երկնքի տակ:

Վեցերորդ սկզբունքը: Հետերոտոպիաների բնութագրի վերջին գծիկը այն է, որ դրանք, մնացած տարածքի համեմատ ունեն որեւէ գործառույթ: Դրանք ծավալվում են երկու ծայրահեղ բեւեռների միջեւ: Կա՛մ դրանց խնդիրն է ստեղծել պատրանք, որը, իբրեւ ավելի պատրանքային, չեղյալ է հայտարարում իրական տարածությունը, ու նաեւ այն բոլոր տեղակայումները, որոնց ներսում մարդու կյանքը շրջափակված է: Թերեւս այս դերն է, որ երկար ժամանակ խաղացել են հայտնի հասարակաց տները, որոնցից այժմ զրկված ենք: Կա՛մ, ընդհակառակը՝ ստեղծել մեկ այլ տարածք, մեկ այլ իրական տարածք, նույնքան կատարյալ, նույնքան մանրակրկիտ, նույնքան լավ կարգավորված, որքան որ մերն է անկանոն, վատ կազմակերպված եւ սեւագիր: Դա կլինի ոչ, թե պատրանքի, այլ փոխհատուցման հետերոտոպիա, եւ ինքս ինձ հարցնում եմ, թե արդյոք այդ ձեւով չէ՞, որ գործել են որոշ գաղութներ:

Որոշ դեպքերում, նրանք երկրային տարածության ընդհանուր կազմակերպման մակարդակով խաղացել են հետերոտոպիայի դեր: Մտածում եմ, օրինակ, գաղութացման առաջին ալիքի ժամանակ, տասնյոթերորդ դարում, գոյություն ունեցած պուրիտանական հասարակությունների մասին, որ անգլիացիները հիմնել էին Ամերիկայում եւ որոնք այլ վայրեր էին՝ բացարձակապես կատարյալ:

Ես մտածում եմ նաեւ այն արտակարգ գաղութների մասին, ճիզվիտների գաղութների, որոնք հիմնադրվել էին Հարավային Ամերիկաում: Սքանչելի գաղութներ, լիովին կարգավորված, որոնցում մարդկայն կատարելությունը փաստացիորեն ի կատար էր ածվել: Պարագվայի ճիզվիտները հիմնել էին գաղութներ, որոնցում գոյությունը կարգավորված էր յուրաքանչյուր կետում: Գյուղը բաժանված էր խիստ կանոնավոր՝ ուղղանկյուն հրապարակի շուրջը, որի ներսում եկեղեցին էր, մի կողմում՝ դպրոցը, մյուսում՝ գերեզմանատունը, եւ հետո, եկեղեցու առջեւ բացվում էր պողոտա, որի հետ խաչվում էր մեկ ուրիշ պողոտա՝ աջ անկյունից, յուրաքանչյուր ընտանիք այս առանցքների երկայնքով ուներ իր փոքրիկ տնակը, եւ այսպիսով վերարտադրվում էր Քրիստոսի նշանը: Քրիստոնեությունն այսպիսով իր հիմնարար նշանով էր նշում ամերիկյան աշխարհի տարածությունը եւ աշխարհագրությունը:

Բնակիչների ամենօրյա կյանքը կարգավորված էր ոչ թե շչակով, այլ զանգով: Արթնանալը հաստատված էր բոլորի համար նույն ժամին, աշխատանքը բոլորի համար սկսվում էր նույն ժամին, ճաշերը՝ կեսօրին եւ երեկոյան հինգին, իսկ հետո գնում էին քնելու եւ կեսգիշերին վրա էր հասնում ամուսնական կոչված ժամը, երբ հնչում էր եկեղեցու զանգի ղողանջը, եւ ամեն մեկն անցնում էր իր պարտականությունը կատարելուն:

Հասարակաց տները եւ գաղութները երկու ծայրահեղ տեսակի հետերոտոպիաներ են, եւ եթե դուք, ի վերջո, մտածում եք, որ նավը տարածության լողացող բեկոր է, վայր առանց վայրի, որն ապրում է ինքն իրենով, որը փակված է ինքն իր մեջ, եւ որը միաժամանակ հանձնված է ծովի անվերջությանը եւ որը նավահանգստից՝ նավահանգիստ, նավակողից՝ նավակող, հասարակաց տնից՝ հասարակաց տուն, հասնում է մինչեւ գաղութները՝ փնտրելու համար առավել արժեքավորը, որն այդ գաղութները հանգրվանել էին տվել իրենց պարտեզներում, դուք հասկանում եք, թե ինչու է մեր քաղաքակրթության համար, սկսած տասնվեցերորդ դարից մինչ օրս, նավը եղել ոչ միայն ամենամեծ գործիքը տնտեսական զարգացման (այս մասին չէ, որ խոսում եմ այսօր), այլեւ ամենամեծ ամբարը երեւակայության: Նավը գերազանցապես հետերոտոպիա է: Նավից զուրկ քաղաքակրթություններում երազանքները չորանում են. լրտեսությունն է, որ գալիս է փոխարինելու արկածախնդրությանը, իսկ ոստիկանությունը՝ ծովահենությանը: