Ավետիք Ալավերդյանի ստեղծագործությունը ձևավորվել է հայկական արդի գեղանկարչության զարգացման գլխավոր հոսանքի շրջանակներում։ Մարտիրոս Սարյանից մինչև Մհեր Աբեղյան, Հարություն Գալենցից` Հովհաննես Զարդարյան, Մինաս Ավետիսյան ու Աշոտ Հովհաննիսյան, այդ հոսանքը առանձնանում է հատկանշական գունագեղությամբ, հորինվածքային լուծումների պարզությամբ։ Ալավերդյանի նկարներին ևս բնորոշ է գույների պայծառությունը, դրանց հագեցումը պարզ երկրաչափական ձևերով,որոնց գեղանկարիչը դիմում է՝ ծավալներ ու մակերեսներ մշակելիս ։

Արդի արվեստի գեղագիտական օրակարգը, սակայն, հակասական էր, ճիշտ ինչպես արդիությունն էր, իբրև փորձ ու գիտակցություն, ինքնին հակասական։ Շարժումների զանգվածայնացումն ու համընդհանրացումը, որոնցով բնութագրվում էր այն, իրենց հետ բերում էին նոր բաժանումներ: Գիտակցական մակարդակում այդ տրոհումները,դիցուկ, հնի ու նորի, գյուղի ու քաղաքի միջև, հարուցում էին բնական ու մշակութային միջավայրի վերացման հետ կապված խորը ապրումներ ։ Արվեստի գործը քաղաքային միջավայրին հարաբերելու ռացիոնալ խնդրի լուծումը, որով հագեցած էր այդ օրակարգը, իր մեջ արդեն իսկ պարունակում էր հարակից էֆեկտ` արվեստագետի անհատկան դիրքավորման ու ժեստի բացահայտումը։ Սրանք կարող էին ոչ միայն չհամընկնել արդիության ռացիոնալ ծրագրին,այլև լինել ճիշտ դրա հակազդեցությունը։

Ավետիք Ալավերդյանի նկարչությունը նման հակազդեցության ու ապրումների օրինակ է։ Ինչու՞ է նկարիչն, այսօր՝ բնական միջավայրը կերպավորելու նպատակով, բանեցնում հնարքներ ու գործադրում միջոցներ ,որոնք ժամանակին՝ արդի արվեստի շրջանակներում, մշակվել են ավելի շուտ քաղաքային արդի միջավայրը պատկերելու համար ։ Ի՞նչը կնշանակի այս, ըստ էության, արտահայտչական հակաշարժումը։ Ինչի՞ն է այսօր հակադրվում նկարիչը կամ ի՞նչն է այսօր մերժում արդիության մեջ։

Եթե նկատի ունենանք հիմնականին ու նախնականին հղող գունային իր նախապատվությունները (կարմիրը,կապույտը,նարնջագույնը,երբեմն հայտնվող մանիշակագույնը),դրանց պայծառությունը, մարմնական ու առարկայական ձևերի պարզությունն ու ուրվագծերի ամիջականությունը,արվեստագետը հակադրվում է արդիության բերած այդ տարատեսակ (հայեցողական,նշանային և այլ) բաժանումներին ՝ հօգուտ աշխարհի բաց ու զգացական՝ բույրի, շոշափելիքի, բայց՝ նախ և առաջ տեսողության միջոցով տեղի ունեցող ընկալմանը ։

Ալավերդյանը իր հարցազրույցներից մեկում ասում է, թե իր համար ամենակարևորը անկեղծությունն է։ Անկեղծության ձգտումը նաև մտերմության պահանջն է։ Թեմայի առումով իր պատկերած աշխարհը մտերմիկի ու հարազատության շրջանակներում էլ հենց պարփակվում է՝ իր ծնողների,իր տան ներսի,այդ տունը շրջափակող բակի,իր բնակավայրի,իր աշխարհի։ Սակայն մտերմիկն ու մերձավորը լոկ տարածական հայտանիշներով չէ,որ սահմանվում են,այլև շարժումներով,որոնցով լեցուն է առօրեան։ Սոցիալական գոյության ամենաչնչին տատանումներն են դրանք՝ կահկարասու ամենօրյա տեղաշարժերն ու կահույքի վերադասավորումները,տան ներքին հարդարանքի ու արտաքին կառուցվածքի մեջ տեղի ունեցող փոփոխությունները՝ գործվածքների հլզումը, կենցաղային սարքերի փչանալը,տան պատերի ծեփի թափվելը,ու խարխլումը,ներսում ապրող մարդկանց,իր ծնողների ծերացումը՝ նրանց մաշկի կնճռոտումն ու թափանցիկացումը, մարմինների կորացման ընթացքը։

Արվեստագետը՝ արձանագրելու համար այդ աննշմար շարժումները, առաջադրում է նկարելու երկու ռեժիմ։ Առաջինը,որն արագ ռեժիմն է, նա փոխանցում է ճեպանկարչական մաներայով։ Վրձնի՝ երբեմն պատահական հպումներով ուղղեկցվող, բայց կտրուկ ու հասցեական հարվածները գալիս են կնճռոտելու կտավի հաճախ անթափանց ներկաշերտով պատված հարթ մակերեսները։ Մտքի արագությունն ու ձեռքի վարժվածությանն է, որ դիմում է գեղանկարիչը` ստիպելով ներկանյութին որսալ գույնի և լույսի իր ապրումը։ Երկրոդը՝ դանդաղ ռեժիմում նա ապավինում է ներկի հոսունությանը,այսինքն՝ բնությանն ու ձգողականության օրենքին ։ Կտավի այս կամ այն հատվածում հառնող ծորոցքները, ասես, ձգում են այդ պահը ու դանդաղեցնում՝ այնքան,որ դրա մեջ ներկալվի իր ողջ կյանքը ։

Իր ապրումի պահի այս ընդլայնումով,կամ իր ողջ կյանքը ապրումի մեկ պահի մեջ տեղավորելու արարքով, արվեստագետն , ասես,ստացականության իր պահանջ ծավալում է տարածական կատեգորիաներից անդին` ժամանակի վրա։ Ներկի ծորացող կաթիլի հետ նույնացող ժամանակն, ասես, կորցնում է իր հոսունությունը, բյուրեղանում ու դառնում է քվանտային միավոր,Բախտինի բառով,մի քրոնոտոպ, որը զուրկ է տևողությունից։ Արվեստագետը՝ Ժամանակի այս նյութականացման ու տարածականացման միջոցով, իր համար, ասես, բացում է դրա ծավալները յուրացնելու հնարավորությունը։

Սոցիալական առաջադիմության մեծ հավատը,որով տոգորված էին արդիական գիտակցությունն ու արդիության այլազան պրակտիկաները,այսօր կորցրել է զանգվածներ հավաքելու և գրոհելու իր ուժը։ Հայտնվելով պաշտպանական դիրքերում՝ այսօր այն գոյատևում է սոսկ իբրև անհատական հավատամք։ Սրանում, ասես, ի կատար է ածվել կյանքի հետ նույնանալու արդի արվեստի երազանքը: Այդ երազանքը, այսօր, ոչ այլ ինչ է քան,ապրելակերպ,կյանքի ոճի արվեստային-նկարչական դրսևորում,լեզու,որում էլ՝ վերաձևակերպելով Հայդեգերին, կարող ենք ասել,ապաստան է գտել արդի կեցությունը։

Ավետիքի Ալավերդյանի նկարներում կեցության այդ բնակարանը, ասես, լինի ձգողականությունց զերծ,գետնից կտրված, փխրուն կազմավորում,ժամանակի ձև,որի պարտականությունն է հոգ տանել երազանքը այն ապագայի,որ մարդկությունն ունեցել է ոչ վաղ անցյալում։

Նազարեթ Կարոյան