Նրա նկարները առաջին հայացքից ասեք թե մի գայթակղիչ հեշտության մասին պատմելիս լինեն, իրենց լինելու հեշտության: Կարծեք դրանք ցանկանում են մեզ համոզել թե կամային որեւէ լարում, նյարդային կամ ֆիզիկական որեւէ կենտրոնացում չի պահանջվել իրենց այդկերպ մեզ մատուցված լինելու համար: Մանավանդ դրանք, ինչպիսին որ առարկայորեն ներկայանում են մեզ, աներկմտորեն ակնարկում են, թե կկարողանային իրենց գոյությունը հաստատել նույնիսկ առանց հեղինակային մասնակցության: Բնական ծագում ունեցող մի անծանոթ ու պատահական դիպվածը կամ մեքենայական ծրագրված միջամտությունն անգամ կբավարարեր:Սակայն հայտնվելով կտավների հարթության վրա, ներկայանալով պայմանականության մեջ, իրենց բնական թե արհեստական ծագման պատմությունից բացի դրանք բերում նաեւ մի նշանակություն: Հառնող այս նշանակությունը մինչդեռ ասես ձգտում է տարհամոզել մեզ, հակառակ ուղղության վրա սեւեռել մեր ուշադրությունը, ասել թե դրանք այնպիսին չեն ինչպիսին, որ ներկայանում են: Ինքն իբրեւ դրանց մեջ դրված մի իմաստ բոլորովին տարբեր է, ավելի շուտ կարծր, չոր ու բծախնդիր, քանª հեշտաբարո, թեթեւամիտ ու սեթեւեթող: Բնական (արհեստական) պատմության եւ պայմանական(կամայական) նշանակության միջեւ դրսեւորվող այս տարբերությունը բեւեռային է այնքան, որ թվում է թե առաջացող հակադրության միջոցով նկարները դրվում են լինել-չլինելու մի ճգնաժամային հավասարակշռության մեջ: Ներքին տեսողության մեջ ուրվագծվող նժարի այս մարող ցնցումները են, որ դիտող մոտ արձագանքվելով երկմտության տեւական մի ներքին տատանմամբ, նրա կտրում են իրականությունից, հրապուրում դեպի անկշռելիության որոգայթները եւ հետեւաբար հարուցում գլխապտույտ առաջացնող թուլություն:Պատմության եւ նշանակության,բնականության եւ պայմանականության, կամայականության եւ արհեստականության այս ընդդիմությունները, եւ ոչ թե նկարներում ծավալվող կետադրական բազմությունների տեսողական խաբկանքը: Անկշռելիության զգացում, սակայն միայն դիտողի սեփականությունը չէ: Նկարիչն ինքն է փորձում կտրվել իր ձգողականությունից, թեթեւանալ: Դառնալ անկշռելի մի ոգի, որը թույլ կտար իր նկարներում եւ իր նկարների միջոցով չքացումի (անձնական եւ առարկայական) եւ հայտնության (անվանական եւ նշանային) մի կրկնակի արկածախնդրության է նախաձեռնել: Նախ տարալուծվել- անհետանալ իր նկարների իրողության մեջ, բայց եւ վերջինս հարկադրելով հընթացս կլանվել առարկայական իր տարերքում, հետո հայտնվել իբրեւ Հասարակ մի անուն(Աշոտ Աշոտ), նկարի իրողությունը պարզել իբրեւ մի մաքուր նշանակություն: Պտույտի այս տենչը, անընդհատության (պերմանենտության), անընդահատ լինելու բնական ցանկությունից է բխում, որն արձագանքում է անդենականին: Նյութական այս մետամորֆոզը տեղի է ունենում նրա ստեղծագործության բոլոր մակարդակներում, եւ մանրամասնությունների եւ ընդհանրության մեջ, անշուշտ եթե կարելի է նման մի բաժանում կատարել: Այսպես, կետը, վրձնահարվածը կտավի, արվեստի, իրականության թանձրացական նշանն է: Դրանով է սահմանվում է կտավի, արվեստի, իրականության ուղղահայաց պայմանական կտրվածքը, դրանց խորությունը: Արվեստագետի մոտ սակայն կետը ներկայացված է մի նոսրացող, սփռվող եւ տրոհվող վերացականության մեջ, դրված է անհետացման եզրին:Թվում է թե այս անհետացումով է նախապատրաստվում է ոչ թե խորքի նկարչական հայտնությունը, այլ հարթության իրական հորիզոնական փռվածքը, նրա նյութականությունն է պարզվում: Կետի իրականության հաղթահարման միջոցով, իր բազմացման եւ տրոհման, սպառման եւ լիցքաթափման մեջ(ծովը շաքար լցնելով,ինչպես ինքն է ասում),սակայն բացահայտվում է ոչ այնքան կտավի նյութական հորիզոնը, որքան ծավալվելու, բազմանալու, աճելու, զգացական հաճույքի խորքային անգիտակցական սկզբունքը(իր իսկ խոստովանությամբª մարմելադե սարերի տենչը), որը հակադիր է մակերեսային, հասկացական իրականությանը, կարծրության սկզբունքը հատկանշող սեղմումի, լարման, բյուրեղացումի կետադրական վարքին: Կտավի վրա դրված Կետի, նկարում առկա որոշակի ելակետի, արվեստագետի արտահայտած տեսակետի, նրա հայտարարած նպատակակետի այս չքացումով իր հպումի անորսալիության, նրա անըմբռնելի պատահականության համար տեղ է հայթայթվում: Սակայն այս չքացման նպատակը ոչ թե անորսալի եւ պատահական լինելուն, այլ առավելապես հպումի անըմբռնելիությանն( աֆակտումին) է վերաբերում: Նկարչին հետապնդողը նյութի հետ իր հարաբերության քնքուշ հանգամանքներն են, դրանից ստացած իր զգացողությունները եւ իր հպումին արձագանքելու նրա համաձայնությունը, նրա հետ մտերմիկ զրույցի հնարավորությունը: Այս հետաքրքրություններն անշուշտ առանձնահատուկ են փոխակերպվող, հեղաշրջվող ընթացքներին, հաղորդակցական-խորհրդակցական փակ շղթաների ներքին շրջանառություններին: Այստեղ առաջին պլան է մղվում հաղորդականության խորհրդավոր հատկությունների օգտագործումը: Արվեստագետը իր նկարներում եւ պերֆորմանսներում կրկնելով ժամանակակից արտադրական, թվային տեխնոլոգիները, ռոտորային հարահոսի շղթան, սեմիոտիկական մի պրոցեդուրան անցկացնում: Վտանգը փոքրացնող եւ չարիքը չեզոքացնող հեղումներ է կատարում, կապեր դնում, հմայիլներ բանեցնում: Իր արվեստը, իր նկարչությունը վերածելով նույն այն ծիսական առարկաներին եւ գործողությունների դաշտին ինչ որ ժամանակին մեր նախնիներն էին գործադրում եւ իրականացնում փրկչական եւ պահպանական շրջանակներն է գծելով:

Օգոստոսի 1, 1998