Ի՞նչ է արվեստը և ո՞վ է արվեստագետը: Հարցման այս երկու խոշոր առանցքների շուրջ է պտտվում Արման Գրիգորյանի ստեղծագործական աշխատանքը: Հնարավոր պատասխանները ստանալու համար, գերադասելի է հետևել պրակտիկաներին,որոնք անցում են նրա արվեստով: Գաղափարը,որ կարելի է դուրս բերել այնտեղից շատ պարզ է: Արվեստն ինքնին իր բնույթով պարփակ մի բան չէ: Այն լոկ դատարկ,հետևաբար նաև ազատ մի տարածություն է, որտեղ արվեստագետը կարող է իրեն թույլ տալ ասել կամ անել այն ամենը, ինչը կապված է իր անձին և առնչվում է շրջապատող իրականությանը,այն միակ տեղը, որտեղ յուրաքանչյուրին թույլատրվում է ասել կամ անել բաներ, որոնք չեն կարող արվել կյանքի այլ ոլորտներում:


Արվեստի այս գոյաբանությունը սուբյեկտին նախատեսում է արտոնյալ տեղ: Հետևաբար այն ոչ միայն ազատ տարածություն է, այլև՝ հնարավորություն, գլխավոր այն միջոցը, որը քեզ թույլ է տալիս արտադրել քո սուբյեկտիվությունը և լինել ինքդ քեզ հետ: Բայց ինքդ քեզ հետ լինելը որևէ կերպ չի նշանակում մերժել կամ բացառել մեկ ուրիշին: Արման Գրիգորյանը համոզված է, որ պետք չէ ազատությունը փնտրել մեկուսացման մեջ: Նա դեմ է ասկետական այն մենությանը, որն իր հետ բերում էր ռոմանտիկ արվեստագետը: Արվեստագետի համար լինել ինքդ քեզ հետ նշանակում է լինել մյուսների հետ:


Քայլը, որ նա կատարում է այդ ճանապարհին, անսպասելի է: Իրականության հետ իր հարաբերության մեջ, ինքը չէ, որ գնում է նրան ընդառաջ, այլ իրականությանն թույլ է տալիս խոսքի և տարասեռ մեդիայի բոլոր ձևերով տիրել իր կացարանը: Բացելով իր տան դուռը այդ հնչեղ արտահայտությունների առջև՝ արվեստագետն ինքը,ասես, դուրս է գալիս պատուհանից՝ հետևելու համար ներկայացումը դրսից : Այս տեղաշաժի, խորհրդանշական այս կրկնակիացման միջոցով նա կերտում է մի սուբյեկտ՝ , հավաքական մի ատյան և մի վիրտուալ ասացող : Ասես ինքը չէ,որ խոսում է, այլ, մեկն իր ներկայացուցիչներից,պատմողի և նկարագրողի դերով օժտված մի միջնորդ,ով ներկայացնում է արդիության ողջ պատմությունը իր բոլոր հոդավորումներով(արվեստային ոճեր ու մշակութային պրակտիկաներ, հոգեբանական ուսմունքներ ու տեսություններ,քաղաքական դիսկուրսներ և սոցիալական վարքեր)։


90-ականների իր տեսանկարներից մեկում նա ասում է . << Ես նկարիչ եմ, ես կնկարեմ Ձեր դիմանկարը>>, և հետևում է սուրռեալիստների նմանությամբ մի թվարկում:


Ես նկարիչ եմ, ես կնկարեմ ձեր դիմանկարը:
Ես գրող եմ, ես կողմ եմ մահապատժին:
Ես տրակտորիստ եմ:
Ես տիեզերագնաց եմ, ես սիրում եմ պաղպաղակ ուտել:
Ես փականագործ եմ:
Ես բանվոր եմ, մի ժամանակ ապագան ինձ էր պատկանում:
Ես նավաստի եմ, ես ունեմ ծովային հիվանդություն:
Ես օդաչու եմ:
Ես խանութպան եմ. դա իմ երազանքների սահմանն է:
Ես բժիշկ եմ, ես ձեզ կսրսկեմ:
Ես մատուցող եմ:
Ես Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արվեստի վարչության գլխավոր մասնագետ եմ, ես ինձ օտար եմ զգում իմ տանը:
Ես մարզպետ եմ, ես ունեմ ջիպ…


Մասնագիտական դերերի այս շքերթի միջոցով Արման Գրիգորյանը բացում է խորհրդային և հետխորհրդային ժամանակների դիմանկարների և սոցիալական իղձերի մի ամբողջ պատկերասրահ : Սոցիալական բարգավաճման ամենաբարձր գագաթները երազելու՝ այդ հասարակության անդամին հատուկ ձգտումները, նա միախառնում է ձգտումների հետ մի հասարակության, որում անհատի երազանքների սահմանները չեն անցնում խանութպանի կերպարից այն կողմ, և որտեղ անձի առաքինությունները ապացուցվում է լոկ այն պաշտոնով,որ նա զբաղեցնում է և գույքով,որ՝ տնօրինում է:


Կարելի է մտածել, որ Սովետական Միության անհետացումից տաս տարի անց ստեղծված այս տեսանկարում որոշակի կարոտախտ կա մի երկրի համար, որն իր առջև դրել էր սոցիալական դասակարգերի բաժանումը հաղթահարելու խնդիրը : Ինչպես է լինում, որ արվեստագետը, ով իր գործողություններով և հրապարակային հայտարարություններով այլ բան չէր անում քան քարոզել անհատի ազատությունը և անկախությունը, կարողնա փառաբանել արժեքները մի երկիր, որը բնավ չէր խրախուսում անհատականը և պաշտպանելով դրա հնազանդեցում կոլեկտիվ շահերին: Ի՞նչպես կարող էր Պերեստրոյկայի շրջանի արվեստի միջավայրի ամենաաղմկալի պատմությունների հերոսը, արտիստական խոշոր շարժման՝ 3-րդ հարկի գաղափարախոսն ու խոսնակը զգալ խորհրդային անցյալի կարոտ: Խոսքն արդյո՞ք կարոտախտի մասին է, թե որևէ այլ զգացմունքի:


Այս հարցերին պատասխանելու համար հարկ կլիներ նրա ստեղծագործությունը զետեղել պատմական այն համատեքստում, որի մեջ ձևավորվել է: 20-րդ դարի վերջին քառորդը եղավ մի ժամանակահատված, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից ծագած քաղաքական համակարգը մտավ խորքային փոխակերպումների փուլ: Արևմուտքը թևակոխել էր նեոլիբերալիզմի ժամանակաշրջան: Ժողովրդավարությունը, ազատ շուկան և մարդու իրավունքները եկել էին փոխարինելու արդյունաբերական դարաշրջանի զանգվածային արտադրության ջանքերին և հասարակական կյանքի ռացիոնալ կազմակերպմանը : Ամբողջատիրության դեմ պայքարի անհաջող փորձերից հետո, Խորհրդային Միությունը իր հերթին,50-60-ական թվականներին ապրեց իր գաղափարների արժեզրկումը: Անդասակարգ հասարակության կառուցման քարոզչությունը,որն այսուհետ այլ կերպ չէր ընդունվում,եթե ոչ իբրև խաբեություն, երկիրը դրեց քայքայման ուղու վրա՝ արագացնելով նրա վերջնական անկումը: Բեռլինի պատի փլուզմամբ վերջ տրվեց սառը պատերազմին և ԽՍՀՄ կազմալուծումն էլ՝ երկբևեռ աշխարհին: Խորհրդային մյուս հանրապետությունների շարքում, Հայաստանը ևս խորասուզվեց տնտեսական և սոցիալական քաոսում: Վարչահրամայական եղանակով կարգավորվող արտադրական հարաբերությունների փլուզմանը հետևած սոցիալտնտեսական քաոսին նպաստեցին նաև հարևան երկրրի հետ ի վերջո պատերազմի հանգեցրած ազգամիջյան հակասությունները: Ահա այս համատեքստում էր,որ հետխորհրդային տարածքի այլ երկրների նման Հայաստանում ևս առաջ մղվեցին քաղաքական ու շուկայական հարաբերությունները: Հետխորհրդային անհատը խանդավառությամբ վերագտավ իրավունքները, որոնցից ինքը տասնամյակներ շարունակ եղել էր զրկված: Քաղաքականությունն ու առևտուրն էլ,հետևաբար, դարձան սուբյեկտի արտադրության հիմնական ոլորտները: Ինչպես բուն առևտրի և քաղաքականության մեջ,այնպես էլ սոցիալական կյանքի այլ ոլորտներում հոդավորված այդ արտադրությունը զարկ տվեց մի մրցակցություն, իշխանության համար պայքար՝ տրոհելով նախկին սոցիալ-մասնագիտական հարաբերությունները, երկար ժամանակների համար բացառելով որևէ համագործակցություն:


Արման Գրիգորյանը ստիպված էր վերաձևակերպել իր ստեղծագործության գաղափարական դիրքերը՝ խոնհարելով դրանք պատմական այս փոփոխություններին համաձայն։ 80-ականներին դա ընդդիմությունն էր գաղափարախոսական կեղծիքին, որ դեռևս զորեղ Խորհրդային քաղաքական համակարգը կարող էր հարկադրել հասարակությանը: Այնուհետև, 90-ականների երկրորդ կեսին և 2000 ականներ ին նա դիմագրավում է քաղաքական սահմանափակումները և ԶԼՄ ներին,որոնք իրենց իշխանությունն ուղղել էին անհատի դեմ: Չունենալով սոցիալական բարձր գաղափարներ, լինելով երևակայությունից զուրկ, մտավոր առումով աղքատ ու պարզունակ՝ դրանք ուրիշ ոչինչ չէին անում,եթե ոչ ազգայնական դիսկուրսների արտադրությունը: Արվեստագետը հետևելով այս վերաձևակերպումներին՝ հաճախ գործում է անուղղակիորեն,շեղակի՝ իր ստեղծագործության մեջ ներգրավելով տարբեր միջոցներ (նկարչություն, ասամբլյաժ, վիդեո, տեքստեր): Նրա բոլոր շարժումները ուղղված են նոր ելքեր ու բացվածքներ, ազատ տարածքներ գտնելուն: Միշտ պայքարող անհատի ազատությունների համար՝ նա ստեղծում է հետերոտոպիաներ, որոնք նախատեսված էն սերունդների միջև կապին, արվեստի իսկ պատմությանն ու հիշողությանը : Դրանք նաև տարածքներ են, որտեղ անհատները բոլորը կարող են գտնել կամ , իրենց նախասիրությունների շուրջ ձևավորել ազատ ընկերակցություններ ու համայնքներ(բրեյքերների ու հիպիների, փանկերի ու նուդիստների): Վայրեր, որտեղ հնարավոր էր ունենալ անհատական երազանքներ և կոլեկտիվ երջանկության սոցիալական ուտոպիաներ:


ՙՀայերեն ՙարվեստ՚ բառը նշանակում է նաև ՙարհեստական՚ : Այսօր մենք ապրում ենք աշխարհում, որտեղ, որոշ իմաստով, ամեն ինչ ստեղծված է մարդու կողմից, և ինձ թվում է, որ ստեղծագործելը պետք է, որ ավելի կարևոր դեր ունենա այնպիսի հարցերում ինչպիսին է թափանցիկ ու անկաշկանդ հաղորդակցություն երաշխավորելը : Անգամ եթե արվեստագետը և իր ստեղծագործությունն ուղղակի ազդեցություն չունեն սոցիալական գործընթացների վրա, արվեստը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ լավագույն միջոցը բացելու և ազատագրելու համար մարդկային միտքը : Սա վերաբերում է նաև այնպիսի հին զբաղմունքի, ինչպիսին նկարչությունն է: Ես հաճախ սիրում եմ նշել, որ արվեստը հնարավորություն է տալիս ինձ վերադառնալ անցյալ, փոփոխություններ կատարել այնտեղ ապագայի համար՚, -ասում է Արման Գրիգորյանը: Ամեն ինչի, ապրանքայնացման և ֆետիշացման դարաշրջանում, նա փորձում է բարձրացնել արվեստի դերը մարդկային գործունեության այլ ոլորտների մեջ և պաշտպանել դրա,ինչ որ առումով, խորհրդանշական ու սոցիալական իմաստ արտադրելու մարդաբանական գործառույթը:

2010թ.
Երևան


Arman Grigoryan, Sevan is rising, 2007

Arman Grigoryan, I'm Painter, 2000