«ՔԱՂՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ» ԿԱՄ՝ ՃԱՇԱԿԵԼԻՍ ԳԻՆՈՒ ԳՈՒՅՆՆ ԱՆՁԱՄԲ ԸՆՏՐԵՔ

ՆՓԱԿ-ի վերջին՝ «Քաղաքացիական արժեքներ» ցուցահանդեսում ներկայացված է մի կտավ, որի վրա ընթերցվող «վաճառված է $ 50» մակագրությունը պլաստիկական եւ գրաֆիկական առումով կտավի հիմնական բաղադրիչն է: Ցուցադրանքում ընդգրկված բոլոր աշխատանքների մեջ սա միակ բացառությունն է, որտեղ «արժեք» հասկացությունը կարծեք թե ձեւակերպված է ոչ թե ուղղաձիգ՝ բնազանցական, այլ՝ իրական-հորիզոնական կտրվածքով: Այս աշխատանքի դիրքի բացառիկությունը ցուցադրության համատեքստում հնարավորություն ընձեռու՞մ է արդյոք նրանից նոր «ցուցմունքներ» կորզելու՝ «ըստ էության» մակագրության մեջ կատարված հայտարարությունից բխող հավելյալ բացատրություններ պահանջելու, եւ ի՞նչ կտա արդյոք նման «քննությունը», որքանով այն կարող է լուսավորել միջավայրը («Քաղաքացիական արժեքներ» ցուցահանդես), որի մեջ տեղադրված է: Այսինքն՝ վերաքննության առաջարկվող պրոցեդուրան, որը նշված բացառության բնույթը պարզելու նպատակ է հետապնդում, շահելու որեւէ հույս ունի՞ , թե դատապարտված է ի սկզբանե: 

Նման խստապահանջ մոտեցումը պայմանավորված է հայտարարության բովանդակության լրջությամբ: Արված է խիստ պատասխանատու հայտարարություն, որը եւ շարահյուսորեն, եւ իմաստաբանական առումով իրացված է լիովին: Կրավորական ստորոգումով անենթակա նախադասություն՝ հասցեագրված անդեմ ընթերցողին: Իմաստաբանական առումով նրա երկու պլանները՝ արտահայտության պաթոսն եւ բովանդակության բարոյական լիցքը, հավասարակշռված են եւ փոխհամարժեք: Ընդ որում, եթե առաջինը արտահայտվում է ոճի նրբագույն բացահայտմաբ՝ առավելագույն զսպման ձեւով, իբրեւ սառը կիրք, ապա բարոյականը կայանում է իբրեւ գիտակցական բուռն հակազդեցություն, իբրեւ կատարված եղելության ահավորությունից հարուցվող ժխտում: 

Հետեւաբար, վերադառնալով հայտարարությունը վերաքննելու ցանկությանը՝ կարելի՞ է արդյոք անվերապահ հավատ ընծայել նրա անկեղծությանը, ավելի ճիշտ՝ նրա հետ կապված դիտավորությունների համարժեքությանը: Հայտարարությունը իր բովանդակության մեջ որքանո՞վ է անկեղծ, որքանո՞վ է հայտնվում իբրեւ ըմբոստացում, եւ արդյոք այն հայտ է՝ իր իսկ խոստովանած իրադրությունից տարբերվելու: Այլ կերպ ասած, որքանով են հայտարարության եւ նրա բովանդակության նպատակները համընկնում, որքանով է առաջինը հավատարիմ երկրորդին եւ ընդունակ չէ դավաճանելու նրան: Որովհետեւ ցանկացած արժեք, այդ թվում նաեւ բնազանցական, կայանում է այս փոխհարաբերության մեջ՝ իբրեւ վերջինս արտացոլող պատկեր: Այդ պատկերն, անշուշտ, լողացող է (յուրաքանչյուր արժեքային համակարգի համար էլ լողացող կուրսը հատկանշական է), որովհետեւ այն մարմնավորում է խնդրո առարկա փոխհարաբերությունները ցուցադրող մակընթացությունները եւ տեղատվությունները, մերձեցումները եւ հեռացումները, սակայն միշտ առկա է իբրեւ դրանք արժեվորող նշան: 
ՈՒստի «վաճառված է $ 50» արտահայտության արժեքի փոխարկելիությունը բացահայտելու նպատակը դնում է այդ կապի վավերականությունը, նրա օրինականությունը եւ նվիրականությունը հաստատելու խնդիր: 

Այս պարագայում հարցում կատարելու համար միայն մեկ ատյան գոյություն ունի՝ արտահայտությունն ինքը: Սակայն «Վաճառված է $ 50» արտահայտության հարցական շրջադասումը («Արդյո՞ք վաճառված է $ 50») չի վկայակոչում որեւէ նախապատմություն (թե երբ է վաճառվել, ինչպիսի հանգամանքներում), այլ ներկայության մեջ խնդրի պարագաների վերաբերյալ գցում է կասկածի մի որոմ, որը վերաքննությանը հուշում է կեղծ հետքեր (եղելությունն ինչպես է եղել եւ արդյո՞ք այն եղել է թե ոչ): Այս հակազդեցությունը, որը ինքնահղումների համար կանխատեսելի վարքագիծ է՝ գոյաբանական իր գաղտնիքն անձեռնմխելի պահելու մտահոգության տեսանկյունից, ինքնապաշտպանական այս զորաշարժի նպատակը վերաքննության ուշադրությանը եղելության ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ լինելու հանգամանքից՝ դեպի նրա փաստականության պարագաները շեղելն է: 

Խնդրո առարկա հայտարարության ուրվագիծն, այսպիսով, իբրեւ տվյալ տեքստի ներքին շրջանակ (պասպարտու), նրա տեղավորվածությունը կտավի վրա (պաշտպանության առաջին բնագիծ), «Քաղաքացիական արժեքներ» ցուցահանդեսի մեջ (երկրորդ), նրա մակագրվածությունը-- Ա. Գրիգորյան (Dr.F. G. (երրորդ բնագիծ), իր բովանդակության հետ հաստատում է մի կապ, որը խնամառուի եւ խնամակալի կապ է: Բովանդակության այս կապի մեջ իրեն դրսեւորում է իբրեւ ինտիմ ծառայություններ մատուցող, տնավորված, երիտասարդ եւ գեղեցիկ աղջիկ, մինչդեռ հայտարարությանն այն երաշխավորված «տանիքն» է, որ ապահովում է իր բովանդակության առողջությունը, հետեւում նրա հիգիենային: Այլ կերպ ասած, արտահայտությունը ոչ թե սոսկ հավատարիմ է մնում ու չի դավաճանում բովանդակությանն, այլ , ռազմավարական առումով, ապահովում է նրա անվտանգության բազմաշերտ համակարգը, ինչպես որ վերջինս, իր հերթին, իր ողջ փխրունությունն ու թուլությունը հանձնում է իրեն սպասարկողին: Հետեւաբար, հայտարարված արտահայտությանը պաթոսը՝ հղված դեպի դուրս, իր ողջ բարոյական լիցքով հանդերձ՝ այլ բան չէ, քան կեղծաբանություն, որը հայտարարված արժեքի եւ նրանում տեղավորված նշանակության միջեւ գոյացող գործնական փոխհարաբերությունը նվիրականացնելու, կայացող իմացաբանական կոռուպցիան քողարկելու նպատակ ունի: Տեքստի իմաստաբանական պլանների այսպիսի վերախմբավորումը, նրանց գործնական բազմանշանակության կայացումը պայմանավորված է արտաքին ազդակի (գովազդի մարտահրավերին) դիմակայելու (ծառայելու) մտահոգությամբ (50 USD գործ վաճառելու մասին արված հայտարարությունը թույլատրում է մի արարքի հրահրում, որը տասնապատիկ անգամ վերագնահատելու հնարավորություններ է ստեղծում): 

Այսպիսով, ցուցադրանքում առկա միակ բացառությունը, որի մեջ «արժեք» հասկացությունը, կարծեք թե առաջադրված լինելով իրական՝ հարաբերական արտահայտության դիրքերից, իրականացվում է այնպիսի եղանակով, որը բնութագրական է բնազանցական վերաբերական դիրքին: «Արժեք» (այդ թվում նաեւ՝ քաղաքացիական) հասկացության ցուցահանդեսում ներկայացված ռազմավարությունը հարաբերություն- վերաբերմունք ամբողջական կայացման փոխարեն՝ իբրեւ ինքնին առկայություն, անհնար է դարձնում այն ընդհանուր տեղը, որը կոչվում է համադրանք: Ա. Գրիգորյանն ինքը չի թաքցնում այդ հանգամանքը` ցուցադրանքը կառուցելով ոչ թե հարաբերությունների (աշխատանքների, արվեստագետների), այլ նույն տեղում հավաքվելու համաձայնության (ջազ-ռոք ջեմսեյշնի նմանությամբ) վրա: Հարկավոր համաձայնությունը ստանալու համար համադրողը մեծ ջանքեր է գործադրում: Այդ «քրտինքը» նկատելի է թեկուզ այն փաստի արտահայտության մեջ, որ նպատակին հասնելու համար նրան չի բավարարել բացատրողի, պատասխանատուի համադրողին վերապահվող դերը, եւ «ստիպված» է եղել օրինակ ցույց տալ, անձնական օրինակով ոգեւորել: ՈՒստիեւ «Քաղաքացիական արժեքներ» ցուցահանդեսի իմաստն արտահայտչական պլանում կայանում է պաթոսի հիմքի վրա, իբրեւ հասարակական այո-ի բացարձակապես հնչերանգային արտաբերում: Դրական այս նախագիծը բովանդակային պլանում, ինչ խոսք, որ չէր կարող չթողնել իր ժխտական ուրվագիծը, սակայն վերջինիս տարալուծումը ներկա տեքստի խնդիրներից դուրս է գտնվում: Ավարտելով՝ կցանկանայի միայն ավելացնել, որ ժամանակակից արվեստն իր մեջ արդեն մեկ անգամ սպանել է ինքնաբավ լինելու գոռոզամտությունը՝ գիտակցելով, որ ստեղծագործական հարաբերությունների փոխարեն համքարային- կորպորատիվ շահերի շուրջ տեղի ունեցող մենաշնորհայնացումը սեղմում է արվեստի ներքին տարածքը մինչեւ որոշակի խորհրդանշական կետի, որից այն կողմ նրան այլ բան չի մնում, քան վերածվել նշանի։ Նշանի, որի նշանակությունը պայմանավորված է սոսկ միջավայրում իր տեղավորվածությամբ, եթե կրծքի վրա է՝ հարգանքի նշան է, եթե ճակատին է՝ ճակատագիր, եթե որովայնից ներքեւ է՝ ... 

Նազարեթ Կարոյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԱՅԻՍ, 1997