/Ան/զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո


Գրիգոր Խաչատրյանի նախագծի նյութն անցյալ տարվա ամռանն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալական ընդվզումն է: Ներգրավելով տեղի ունեցած դեպքերի, ի հայտ եկած ժեստերի, գրավոր ու բանավոր խոսքերի լուսանկարչական և վիդո նկարահանումները՝ նա ուսումնասիրում է Բաղրամյան փողոցը մի քանի շաբաթ փակած նստացույցի մասնակիցների և ոստիկանության հարաբերության խնդիրը։

Իշխանության և սիրո փոխկապակցված թեման ընդհանրապես կենտրոնական է Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործության մեջ։ Աշխատելով պերֆորմանսի ֆորմատում՝ նա իր անձը դարձնում է նյութ՝ կերտելու համար բացարձակ իշխանություն ունեցողի պաշտամունքային ֆիգուր։ Դրա միջոցներն ինչպես խոսքային ուղղակի հայտարություններն են, այնպես էլ անուղղակի գործողությունները։ ՙԵս մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ, դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք...՚, ՙԴուք գտնվում եք Գրիգոր Խաչատրյանի սեռական ճառագայթների տիրույթում...՚ այս և նմանատիպ ասույթները, կոչերն ու հռչակագրերը համադրվելով իշխանության գործառույթներ հիշեցնող արարքներով՝ մրցանակներ շնորհել (ՙԳրիգոր Խաչատրյան մրցանակ՚), լուսանկարել սովորական մարդկանց հետ իր հանդիպումները (ՙՊաշտոնական հանդիպումներ՚), ՙհիմնել՚ հաստատություն, որի գործառույթը տրված է միայն նախախնամությանը (ՙՊատահականությունների պլանավորման ազգային կենտրոն՚)՝ նա հանրային շրջանառության մեջ է դնում իշխանավորի մի կերպար, ում ազդեցությունը շրջապատի վրա անկասելի է և բացարձակ։

Իշխանության դիրքն ու գործառույթները հեգնականորեն նմանակելու, ըստ էության, խեղկատակի ստրատեգիան, որ արվեստագետը որդեգրում է իր քննադատության ֆիգուրը կառուցելիս, կարող է մեզ շփոթության մատնել։ Կարող ենք կարծել, թե արվեստագետի թիրախում ընդհանրապես իշխանության գոյաբանությունն է։ Գրիգոր Խաչատրյանն իրականում ավանդական իշխանության հատկանիշների խաղարկումով ստեղծած իր այդ զավեշտը շրջում է ընդդեմ իշխանության խարիզմատիկ այն տեսակի, որը հառնել էր հետխորհրդային Հայաստանում՝ իբրև անհատին քաղաքական գործունեությունն արգելած խորհրդային կոլեկտիվիստական անցյալի հակազդեցություն:

Այս նախագծում Գրիգոր Խաչատրյանը երկու բան անում է առաջին անգամ և միաժամանակ։ Նախ նա հեռանում է իր ստեղծագործական պրակտիկայում իշխող պերֆորմանսի ֆորմատից և նախագիծը կառուցում է հետազոտության վրա։ Երկրորդ՝ հանում է խեղկատակի ուրախ զգեստները` հագնելու համար իշխանության օրինականության ակունքներն ուսումնասիրողի խստաոճ պատմուճանը։ Թեպետև նախագծի նյութը էլեկտրիկ Երևան անվանում ստացած նստացույցին առնչվող իրադրությունն է, սակայն նա չի սահմանափակվում լոկ այս առանձին դեպքով։ Բայց արվեստագետի կատարած աշխատանքը նաև գիտնականի հետազոտություն, քաղաքական մարդաբանությանն առնչվող տեսողական տրակտատ չէ, այլ մասնակից մեկի՝ իշխանության դեմ հանդիման կանգնած անհատի թափած ջանք։ Նախագիծն արվեստագետի համար հարթակ է բարձրացնելու համար հարցեր, թե ինչ է իշխանությունը, ինչպես է այն գործում ու ազդում անհատի ու հասարակության վրա, ինչպես են անհատն ու հասարակությունը հակազդում իրենց իսկ ընտրած իշխանություններին։

Միշել Ֆուկոն իշխանության գործիքների մեջ առանձնացնում է երկու տեսակ՝ օրենք և նորմ։ Օրենքն անհատի նկատմամբ կիրառվում է դրսից, իսկ նորմը՝ ներսից։ Նորմը, ի տարբերություն օրենքի, չի փորձում անհատին բռնացնել կոնկրետ արարքի համար։ Այն տարածվում է նրա գոյության վրա, փորձում է կառավարել նրա ողջ կյանքը, իրեն դարձնել ցանկալի և սիրելի։ Եթե ինձ չլսես, ես քեզ չեմ սիրի. սա է նորմի քիչ թե շատ ընդհանուր բանաձևը։

Եթե դիտարկենք Բաղրամյան փողոցի նստացույցում օրենքի և նորմի միջև ի հայտ եկած փոխհարաբերությունը, ապա դրանք ոչ թե լրացնում են միմյանց, այլ գտնվում են հակադրության մեջ՝ փողոցը փակած բարիկադի երկու կողմերում։ Մի կողմում իր լեգիտիմության պակաս ունեցող իշխանության ոստիկանությունն է, որն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում կարող է դիմել ուժի, մյուս կողմում՝ զայրացած քաղաքացիները, որոնց այլ բան չի մնացել, քան հասարակական նորմերի զանցումը։ Պնդելու համար արդարացի պահանջը՝ նրանք դիմում են իրենց զինապահեստում ունեցածը տարատեսակ միջոցներին՝ ցուցադրական սիրուց մինչև սեռական բնույթի ակնարկներ ու ուղերձներ պարունակող ժեստերն ու լոզունգները։ Բարիկադն ասես փակել է ոչ միայն փողոցը, այլև բաժանել է նորմն օրենքից, սիրո զգացումն ու սեռային մղումները՝ իշխանության մերկ տեխնիկայից։

Արվեստագետի համար խնդրահարույցը այդ բաժանումն է։ Նա իր նախագծով, ասես, հարց է բարձրացնում. կարո՞ղ է արդյոք սերն, իբրև խոսք ու գործողություն, դառնալ հանրային դիմադրության ու պայքարի միջոց՝ ընդդեմ ոստիկանական բռնության։ Ենթադրական այս հարցի հնարավոր պատասխանը նա բխեցնել է տալիս նստացույցը ցրելու՝ 60-70 թվականների սիրային հիթերով հնչունավորած տեսարաններից։ Ջրցանի փողից արձակված ջրի սառցե շիթը պարուրելով թախծոտ երգերի կրկնվող ռիթմերով՝ Գրիգոր Խաչատրյանն ասես գալիս է դիտողին մղելու տխուր մտորումների գիրկը. որքան անզոր պիտի լինի իշխանությունը, որ նման բիրտ ու անտաշ միջոցներով հակադրվի իրեն իսկ ընտրող քաղաքացուն, կամ որքան հուսահատ՝ այդ շարքային ցուցարարը, որ ապավինի սեռական բռնության սպառնալիք փոխանցող ժեստի՝ վեր ցցված միջնամատի զորությանը։ Երբ հասարակական-քաղաքական բանավեճը հանգում է սոսկ այն բաժանող հարցին, թե քաղաքացու և իշխանության հարաբերության մեջ ո՞ր մեկը, կամ ո՞վ պիտի լինի վերև(ում)ից, նշանակում է՝ տվյալ հասարակությունը գտնվում է իր մեջ փոխակերպումներ հասունացնող ճգնաժամի մեջ։ Արվեստագետի ասույթը, որ ներառված է ցուցադրանքում, նշում է այդ բինար հակադրությունը և ճգնաժամը հաղթահարելու ուղին.

Ինձ վրա իշխանություն ունի նա ով ինձ սիրում է,ավելի մեծ իշխանություն ունի նա, ում ես եմ սիրում :

Հնարավոր չէ բաժանել իշխանությունը սիրուց, այդ բաժանումը երկու կողմերի համար էլ ենթադրում է պարտություն. սա է ասույթի իմաստային բովանդակությունը, բայց դրա ուղերձն իր ենթատեքստով գործում է նաև ասույթից այն կողմ։ Այն գալիս է ոչ միայն սահմանելու նախագծի հղացական շրջանակը, այլև նշելու արվեստին և արվեստագետին վերապահվող դերն ընդհանրապես։ Իսկ ո՞րն է այդ դերը հասարակության կյանքում, եթե ոչ՝ լինել կապակցող հեղուկ, սոսինձ, որն ապահովում է հանրային տարբեր շերտերի մշակութային ու քաղաքական միասնությունը։