Ռուբեն Գրիգորյանը քչախոս մարդ է, բայց բառը նրա բերանից սովորաբար թռչում է հրացանի փողից դուրս նետվող գնդակի նման։ Այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ, եթե անգամ խոսքը անհնարինին է վերաբերում։ Կտրուկ արտահայտած իր խոսքն իրականում ոչ այնքան տեսակետներ պաշտպանելուն է կոչված, որքան զրույցի պատճառով ընդհատված իր լռությունը վերականգնելուն։ Մանրամասնությունները լուսանկարչական ճգրտության (գործվածքի զարդպատկերից, դրա հյուսքի հատիկից, մինչև ձիու բաշի մազը) հասցնելու նկարչի ձգտումին, ինչ խոսք, կարելի է տարբեր բացատրություններ գտնել։ Էականը, սակայն ուղերձներն են, որոնք ի հայտ են գալիս պատկերայինի հետ խոսքի միահյուսումից։

Նա սիրում է կտավի վրա բարձրաձայն մտածել՝ երազել։ Նկարչությունը իր համար ցանկությունների իրականացման միջոց է, թռչող վերմակների մի վայր(Միջանցք), անակնկալ ժամանումների կառամատույց(Տոմս), երկինք, որտեղ վերջանում են մտքերը և ճախրել է սկսում հոգին(Ֆոտոսինթեզ)։ Բայց նա հաճախ ստիպված է ՚իջնելՙ գետին՝ դիմագրավելու համար այլաբարբառ ճառախոսություններից հյուսված սոցիալական իրականության մարտահրավերները։

Պատասխանելը եթե ոչ խոսել, գոնե՝ ձայն տալ է նշանակում։ Կենսունակության արտահայտություն լինելուց զատ, ձայնը նաև իշխանության կրող է։ Այն բարձրացնելով կամ կտրել տալով սահմանում են կարգեր և հարաբերություններ։ Հակազդելու համար խոսքի իշխանությանը նկարիչը դիմում է ձայնի տեսողական փոխաբերություններին։ 

Սկիզբ առնելով սենյակի մթության մեջ՝ սեղանին հանգչող պարկերի բաց բերանների քրթմնջոցից(Շշուկներ), ձայնն այդ կարող է ուժգնանալ մինչև երկինք հասնող խանդավառ ճիչը (Այնտեղ, որտեղ վերջանում են մտքերը)։ էլ ավելի խոսուն են, սակայն, լռության կոնոտացիաները։ Ասելիքը վերապահելով անասունին և առարկայի համրությանը, արվեստագետը դրանց ստիպում է պատմել անասելիի և անպատմելիի, տիրոջ և ստեղծողի հետ իրենց իսկ փորձի մասին(Խելոքը, Ինդիգո)։

Պատմվող պատմության այս փխրունությունը, սակայն նկարիչը ձգտում է փոխանցել մանրամասների այնպիսի մշակմամբ, որ դիտողին ենթարկի անշնչացման։ Լայնաֆորմատ նկարների պարագայում անշնչացնելու այս ցանկությունը տարածվում է նաև կտավի տարածական կազմակերպման վրա։ Սահմանափակվելով առաջին հարթությամբ և ճակատայնորեն, հորիզոնական առանցքի վրա ձգելով նկարի միակ ֆիգուրը, արվեստագետը ասես անշարժացնում և քարացնում է այն։

Բնությունը, մարդը, առարկան և մեքենան միանում են գեղեցիկով ու մահով։ Գեղեցիկը և մահը գոյաբանական ռեֆերենտներ են, և անհնար է մեկն անջատել մյուսից։ Փափկացման ու քարացման ձևերին դիմելով նկարիչը նախ և առաջ վեր է հանում ներգործման հինավուրց եղանակներին՝ հիացմունք առաջացնելուն, հմայությանը ու կախարդանքին տեր կանգնելու իր պատրաստակամությունը։

Այս ինքնաբացահայտում սակայն շաղախված է հեգնաքով։ Երբ նա ցույց է տալիս, որ, հենվելով արվեստի գործի վրա, հիպնոսի մեջ գտնվողի պես երբեմն կարող է մնալ օդում կախված(Ստատիկա), կամ՝ թիրախին նշան բռնելու փոխարեն նետն ուղղել դեպի դատարկությունը(Որոնողը), սրանով ցանկանում է ասել, թե նկարիչը ոչ այլ ոք է, քան մի կախարդ, մեկն, ով մինչև ուրիշին կախարդելը, արդեն իսկ գտնվում է կախարդման մեջ։ Սթափության այս դրսևորումները լոկ մի բանի մասին են վկայում. որ Ռուբեն Գրիգորյանը, թող որ հմայված, շարունակում է մնալ պատրանքի չքացող զորության պահապանը։