Ավրահամ էիլաթի ստեղծագործության առանցքում մարդկային գոյության խնդիրն է։ Աշխատանքն ու հիշողությունը, իբրեւ դրա երկու՝ նյութական ու հոգեւոր ցուցիչներ, հարացուցային են արվեստագետի համար։ Նա շարունակ քարտեզագրում է դրանց տարածությունները՝ բացահայտելով խաչաձեւումներն ու ընթացքային նույնացումները ։

Աշխատանքի տարածությունը Էիլաթի համար շարժման, ուժի գեներացման,դրա գործադրման, գործողության տարածությունն է՝ ուղեղի ու մկանների աշխատանքից մինչեւ սոցիալական աշխատանքի բեւեռային դրսեւորումները, ստրկական օտարված աշխատանքից մինչեւ ստեղծագործական ազատ աշխատանքը, մինչեւ բիոլոգիական ու սոցիալական կյանքի վերարտադրությունը։

Մինչդեռ հիշողության տարածությունը նախ եւ առաջ պատմության ու հուշերի, հետեւաբար, նաեւ տարերայինի ու մոռացման,անիշխանության, քաոսի ու մահվան տարածությունն է։ Սա է պատճառը, որ արվեստագետը հիշողության տարածության մեջ նախ եւ առաջ անդրադառնում է այն ամենին, ինչը վերաբերում է կարգին ու մտապահմանը, կառուցվածքին ու իշխանությանը։

Անրի Բերգսոնն ասում է, թե հիշողությունը գիտակցության արդյունքն է. կա գիտակցություն ուրեմն կա եւ հիշողություն՝ չկա գիտակցությոն՝ հիշողությունը եւս բացակա է։ Գիտակցությունն է, որ կարգավորում է հիշողության եւ աշխատանքի ընթացքը ։ Գիտակցության միջոցով է, որ դրանք նույնանում են։ Երբ հիշողության եւ աշխատանքի ընթացքը անգիտակից է, դրանք ուղղեկցվում են կրկնությամբ, անտեսմամբ, բացթողումով։ Այնինչ, երբ այդ ընթացքում առկա է գիտակցությունը, դրանք ուղղված են լինում դեպի տարբերության արտադրությունը, դեպի արդյունքը (առարկա,պատկեր ու մտապահում)։ Այսինքն այդ ռեժիմները ոչ թե փոխոչնչացնող են այլ փոխլրացնող։

Առանց անգիտակից(ինքնամոռաց) աշխատանքի անհնար է արդյունավետ աշխատանք եւ արդյունք, կամ եթե ժիլ Դելոզին վերհիշենք, կրկնության մեջ է, որ արտադրվում է տարբերությունը,այն տարբերությունը,որը, կրկնությունից կրկնություն խոշորանալով՝ ի վերջո հասնում է արվեստի եզակիությանը։ «Արվեստը միակ բանն է, որ դիմադրում է մահվանը»- ասում է Անդրե Մալրոն։ Դիմադրում է, քանի որ իր մեջ պարփակում է իր իսկ ծագման պայմաններ՝ կորստից փրկելով ու հընթացս պահպանելով նաև իր ստեղծման ժամանակը։

Նյութի և միջոցի բոլոր բնութագրական հատկությունները՝ հարթության ուղղահայաց կամ հորիզոնական ձգվածությունները, դրանց նշանային ու հոգեբանական ասպեկտները, տարածության վերևն ու ներքևը, աջը և ձախը, կերպավորման՝ պատկերագրական կամ այլաբանական նշանակություն ձեռք բերած էլեմենտների կրկնությունն ու բազմացումը, այս ամենը Ավրահամ Էիլաթի ստեղծագործության մեջ գալիս են հիշողությունը և աշխատանքը միահյուսելու իբրեւ ընթացք եւ արդյունք,իբրև ռեժիմ եւ կառուցվածք, որոնք կոչված են դիմադրելու ժամանակի անկասելի հոսքին ու մահվանը։